Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Սերժ Սարգսյանը խոսում է հնարավորությունների սպառման մասին»

«Սերժ Սարգսյանը խոսում է հնարավորությունների սպառման մասին»
06.10.2015 | 00:17

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ (միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հետազոտական ծրագրերի ղեկավար)


-ՄԱԿ-ի հոբելյանական 70-րդ նստաշրջանում աշխարհի «հզորներն» իրենց կանոնները թելադրեցին: Կարելի՞ է ենթադրել, որ նոր աշխարհակարգի ձևավորման շեմին ենք կանգնած:
-Կա մի խնդիր, որը ծագեց ուկրաինական ճգնաժամից հետո, դա միջազգային համակարգի և նորմերի լուրջ կարգավորումն էր: Պատահական չէին Արևմուտքի խիստ արձագանքը Ղրիմի բռնակցմանը և պատժամիջոցների կիրառումը: Միջազգային անվտանգության ողջ համակարգը խարսխված է միջազգային նորմերի լավ, թե վատ հարգանքի վրա: Դրանք ոչ միայն ՄԱԿ-ի բանաձևերն են, այլև այդ կազմակերպության անդամ և ազդեցիկ երկրների միջև եղած պայմանավորվածությունները: Մասնավորապես Արևմուտքը չափազանց վտանգավոր դիտարկեց 1994-ին Ռուսաստանի կողմից Բուդապեշտի մեմորանդումի խախտումը, որով միջուկային զենքի իրավահաջորդության իրավունքից ՈՒկրաինայի հրաժարվելու դիմաց Ռուսաստանը պարտավորվեց դառնալ նրա անվտանգության երաշխավորը: Եվ Ղրիմի բռնակցումը բառացիորեն նշանակում էր միջազգային անվտանգության համակարգի մեծ փլուզում, ինչը հղի էր բազմաթիվ վտանգներով, եթե Արևմուտքը «կուլ» տար այն որպես նախադեպ: Դրա համար Արևմուտքը ոչ մի զիջման չգնաց: Խնդիրը ոչ միայն Ռուսաստանի հավակնություններին հագուրդ տալն էր, այլև միջազգային անվտանգության համակարգի անգործությունը: ՈՒժը ծնելու է իրավունք, և աշխարհը դառնալու էր խիստ անարխիստական: Հետևաբար, փորձագետների սպասումները բավականին մեծ էին ՄԱԿ-ի այս նստաշրջանից, և հետաքրքիր է՝ ինչ տեղի կունենա, եթե կողմերից ոչ մեկը չի հրաժարվել կարծրատիպերից:
-Ի՞նչ շեշտադրումներ կառանձնացնեք ՌԴ ղեկավարի ելույթից:
-Պուտինի ելույթում շարունակական մեղադրանքներ էին, որ Արևմուտքը փորձում է պարտադրել զարգացման իր մոդելը և չի հարգում իր ինքնիշխանությունը: Թեպետ հետխորհրդային տարածքի երկրների իշխանության անունից խոսելու իրավունքն ամենևին էլ ՌԴ նախագահին չի վերապահված: ՈՒկրաինան իր ղեկավարությամբ ունակ է խոսելու իր անունից և ամենևին էլ Ռուսաստանի նախագահի փաստաբանության կարիքը չունի: Այդուհանդերձ, միջազգային անվտանգության հարցերը ստիպում են խոշոր խաղացողներին փնտրել համագործակցության հարթակներ: Աֆղանստանից մինչև Մերձավոր Արևելք Ռուսաստանի և Արևմուտքի միջև կան նաև ընդհանուր շահեր:
-Բավականին երկար է տևել Օբամա-Պուտին առանձնազրույցը: Հնչած ելույթները համադրելով, կարո՞ղ ենք ասել, որ սառը պատերազմի «հալոցք» կնկատվի:
-Առայժմ դեռ վաղ է այդ մասին ասել: Այդուհանդերձ, և Արևմուտքի լիդերների, և ՌԴ ղեկավարի հնչեցրած ելույթները դեռևս չեն խոսում այն մասին, որ առանցքային, բաժանարար խնդիրներում սկզբունքային փոփոխություններ կլինեն: Երկու կողմերից հետքայլեր կան, նոր լուծումների դաշտ է բացվում, բայց դրանք տակավին տեսանելի չեն: Ի վերջո, Արևմուտքի համար խնդիրը նախադեպ չստեղծելու մեջ է:
-Այդ հզորների ֆոնին դիտարկենք նաև մեր փոքր երկրի ղեկավարի ելույթը: Ձեր գնահատականը:
-Նախագահի ելույթն էլ անուղղակիորեն վերաբերում էր միջազգային անվտանգության համակարգի փլուզմանը: Խոսելով Թուրքիայի շրջափակման, Ադրբեջանի արկածախնդրության մասին, Սերժ Սարգսյանը ևս ակնարկում էր միջազգային անվտանգության համակարգի գլոբալ և տարածաշրջանային չգործելու մասին: Եթե ողջ ասելիքն ամփոփենք, ապա Սարգսյանի ուղերձը սա էր` այն, ինչ չի կարող անել միջազգային անվտանգության համակարգը, ստիպված կլինի անել Հայաստանը` պատժելով Ադրբեջանին:
-Նախագահը նաև իր ելույթում նշեց, որ Հայաստանը ստիպված կլինի իրականացնել «ռազմաքաղաքական և իրավական» քայլեր: Ի՞նչ է սա նշանակում:
-Իրավական լուծումը Հայաստանի կողմից Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն է: Լինի անկախության ճանաչման, Հայաստանին միավորման տեսքով, դա արդեն տեխնիկական խնդիր է: Սերժ Սարգսյանի նախազգուշացումը վերաբերում էր այն բանին, որ Հայաստանը մեկընդմիշտ կարգավիճակի հարցը կվերացնի իր համար: Այս քայլը շատ բաներ արդեն անիմաստ կդարձնի, այդ թվում` Մինսկի խմբի գոյությունը: Սերժ Սարգսյանը խոսում է հնարավորությունների սպառման մասին:
-Այս զարգացումները ստատուս քվոյի փոփոխման հնարավորություն ստեղծո՞ւմ են:
-Տարածաշրջանը կանգնած է դրա շեմին: Առաջին անգամ չի ասվում, որ ստատուս քվոն երկար պահպանել հնարավոր չէ: Արևմտյան դիվանագետներից մինչև համանախագահողներն այդ մասին զգուշացրել են, չնայած դրան մենք ցավագին ենք վերաբերվում: 2008-ից հետո Ռուսաստանն էլ այլևս շահագրգիռ չէ ստատուս քվոյի պահպանմամբ: Գոնե «ճանաչումները» նրա համար ցանկալի են, որոնք կփակեն Արևմուտքի ներկայացվածության բոլոր հարթակները: Ըստ էության, Ղարաբաղը մնացել է միակ կոնֆլիկտը, որտեղ Արևմուտքն ունի լեգիտիմ ներկայացվածություն և տարածաշրջանի անվտանգության հարցերի վրա ազդելու հնարավորություն: Իհարկե, Հայաստանն այլընտրանք չուներ և ՄԱԿ-ի հարթակից պետք է խոսեր հետևանքների մասին: Սերժ Սարգսյանը նշում է այն կարմիր գիծը, որտեղից այն կողմ Հայաստանն արդեն ինքնապաշտպանության խնդիր ունի, և այն կանի սեփական ուժերով:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

-type-descr-link"> «Թավշյա» հարաբերություններ